Երկրանավ (Earthship)
Տուն, որը ջեռուցվում և հովացվում է առանց էլեկտրականության, խմելու և ջերմոց պահպանելու ջուր է հավաքում երկնքից (անձրև, ձյուն, կարկուտ), մի քանի անգամ վերամշակում է խոհանոցում և լոգարանում օգտագործած ջուրը՝ կյանք տալով ոչ միայն տան ներսում եղող ջերմոց(ներ)ին, այլև վայրի բնությանը... տուն, որը կատարելապես անկախ է էլեկտրա և այլ տեսակի ցանցերից, որը չի արտադրում որևէ թունավոր գազ ու չի նպաստում մոլորակի կործանմանը, ահա թե ինչ է Երկրանավը:
Երկրանավ անունն արդեն հուշում է, թե ինչի մասին է խոսքը. առասպելական Նոյան Տապանի պես ինքնաբավ ու անկախ նավ, որը կարող է գոյատևել առանց ատոմային ու այլ տեսակի ցանցերի՝ ոչ միայն վնաս չհասցնելով շրջակա միջավայրին, այլև նրան սատարելո՛վ: Դարեր շարունակ մարդը ոչնչացնում է անտառներն ու արդեն ողջ մոլորակը, և երկրանավը գոյություն եղող ամենակայուն և հեռանկարային գաղափարներից է, որն արդեն 40 և ավել տարի է, ինչ գոյություն ունի ու տարածվում է մոլորակով մեկ:
|
"Ոչ ոք երբեք չի ասում, թե մոլորակի վրա չափազանց շատ ծառեր կան, որովհետև ծառերը չեն վնասում շրջակա միջավայրին:"
|
|
Վերոնշյալ մեջբերումը Մայքլ Ռեյնըլդսի՝ Երկրանավի արարչի, հետաքրքիր մտքերից է: Միտքը շարունակելով՝ նա ընդգծում է, որ հակառակն են ասում մարդկանց մասին: Նա բոլորիս առաջարկում է մտածել այդ գաղափարի շուրջ. հնարավո՞ր է պասիվ սպառող և պարազիտի պես ապրող կենդանատեսակից մարդկային տեսակը վերածվի ստեղծողի և բնությանը հավասար արարի: Հնարավո՞ր է ոչ թե մոլորակի հաշվին կառուցել բարեկեցություն, այլ՝ մոլորակի հետ և մոլորակի համար:
Երկրանավերը բավարարում են մարդկային վեց հիմնարար ու կենսական կարիք.
- ջերմաարևային ջեռուցում և սառեցում (գործի դնելով միայն հողի, քամու և արևի բնական գործոնները),
- արևից և քամուց ստացված էլեկտրականություն (100% էներգետիկ անկախություն էլեկտրո և այլ ցանցերից ու հանածոներից ստացվող վառելիքից),
- Կեղտաջրերի ինքնամփոփ վերամշակում,
- Բնակարանաշինություն բնական և վերամշակվող նյութերից,
- Ջրի հավաքում և երկարաժամկետ օգտագործում,
- Ներքին ռեսուրսներով սնունդ արտադրելու մասնակի հնարավորություն:
Մարդիկ արդեն իսկ պատերազմել են հանուն սննդի և ջրի.
- Մեքսիկան և ԱՄՆ-ն երկար ժամանակ է վիճում են մի շարք գետերի և ջրվեժների պատճառով, որոնց ակունքներն ԱՄՆ-ում են, բայց որոնք կենսական նշանակություն ունեն Մեքսիկայի համար ևս (Ռիո Գրանդե, Ռիո Բրավո, Ռիո Կոնչոս...):
- Իսրայելի դեմ պայքարում Սիրիան և Լիբանանը 60-ականներին փոխեցին որոշ գետերի հուներ (Headwater Diversion Plan), որպեսզի Իսրայելը զրկվի ջրից: Այդ քայլը 11 տոկոսով նվազեցրեց Իսրայելի ջրի պաշարները և հանգեցրեց 1967 թվի Վեցնօրյա պատերազմին:
- 1965 թվականին պատերազմ եղավ նաև Պակիստանի ու Հնդկաստանի միջև, նորից ջրի երեք ակունքի համար,
- 2018 թ. հուլիսի սկզբին մեծ հակակառավարական ցույցեր վերսկսվեցին նաև մեր հարևան Իրանում, և ցույցերի հիմնարար պատճառը խմելու ջրի որակի հետ է կապված... որոշ ակտիվիստներ շարժումն անվանել են ծարավի հեղափոխություն...
Անգամ 21-րդ դարում մոլորակով մեկ մարդիկ մահանում են սովից ու չքավորությունից, ոմանք անգամ սառցակալում ու մահանում են իրենց իսկ տներում, և սա տեղի է ունենում նաև "զարգացած, հարուստ, ապահովված" հասարակություններում ու երկրներում:
Հայաստանում ևս աղքատությունն ու կենսական նշանակության ռեսուրսների անհասանելիությունը մեծ խնդիրներ են ստեղծում շատերի համար, 30 տոկոսիվ ավել պաշտոնական աղքատության ցուցիչով...
Այս թրենդը միայն կարող է սրվել ու խորանալ, եթե մենք շարունակենք ապրել անպատասխանատու և անգիտակից կենսակերպով անհատական, ազգային, համամարդկային և կենսական մակարդակներում: Երկրանավերը փորձում են արագ և հնարավորինս էժան ձևով լուծել այս խնդիրները, եթե ոչ ամբողջապես, ապա՝ մեծապես:
Երկրանավի Կառուցվածքն ու Գործառույթները
Մարդ արարածն ապաստանի կարիք ունի գոյատևելու և բարեկեցիկ ապրելու համար: Մեր մարմնի գոյատևման համար շատ կարևոր գործընթաց է հոմեոստասիսը. մարմինը պահում է կայուն ջերմաստիճան՝ ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր: Երբ ծագում է խնդիր, մարմինը փորձում է կարգավորել այն: Օրինակ, եթե մարմինը շատ է տաքանում, մաշկը պատվում է քրտինքով, ջերմաստիճանը նվազեցնելու համար: Երկրանավը գործում է նույն սկզբունքով. հողի ջերմամեկուսացնող հատկությունը, քամու և շրջակա միջավայրի եղող ջերմաստիճանն ու քամիների գործունեությունը, ինչպես նաև արևի լույսն ու ջերմությունը գործածելով՝ երկրանավը կլոր տարի տատանվում է նույն ջերմաստիճանի շրջակայքում՝ չգործածելով ջեռուցում: Այն կարող է տատանվել 19-25 C սահմաններում՝ կախված կլիմայից և այլ գործոններից: Ձմռան ամիսներին երկրանավի ստանդարտ ջերմաստիճանը սովորաբար 21 C է անգամ ցրտաշունչ անապատներում: Նպաստող ամենակարևոր գործոններն են
- հողով կոմպակտ լցոնված անվադողերը, որոնք ծառայում են որպես ջերմամեկուսող և երկրաշարժին արդյունավետ դիմակայող աղյուսներ (կիրպիչ),
- դեպի հարավ ուղղված և ձմեռահավասարի արևի նկատմամբ ուղղահայաց (պերպենդիկուլյար) տեղադրված պատուհանները, որոնք ձմռան ամիսներին ինտենսիվորեն կլանում և աղյուսե պատերի մեջ են զետեղում տաքություն,
- երկրանավի մոտ 1/3-ը պատող հողի հաստ շերտը, որը ևս ծառայում է որպես ջերմամեկուսացնող հզոր շերտ: Նույն այս շերտի միջով անցնում են հատուկ խողովակներ, որոնք ամռանը ծառայում են որպես բնական օդորակիչներ (կոնդիցիոներ)՝ հողի և քամու միջոցով զովացնելով և թարմացնելով անգամ տապ ցերեկային օդը:
Բացի սեփական հոմեոստասիսն ապահովելը երկրանավը նաև ունի շնչուղիներ. հողի հաստ շերտով պատված ետնամասով գալիս են վերևում նկարագրված հատուկ խողովակները: Տանիքային լուսամուտների և ճակատային պատուհանների հետ համատեղ երկրանավը կարողանում է ապահովել թարմ թթվածնի մշտական շրջանառություն: Ինչպես բոլոր պատուհաններն ու լուսամուտները, այնպես էլ խողովակները կարող են փակվել ցանկության դեպքում: Սա էլ երկրանավի շնչառական համակարգն է:
Մարդն էներգիա է ստանում շնչառական և մարսողական համակարգերի շնորհիվ: Երկրանավը ևս ունի "մարսողական համակարգ": Արևային պանելները և որոշ մոդելների դեպքում էլ նաև քամու էներգիան բավարարում է տան բոլոր կարիքները. հեռուստացույց, վայֆայ, ջերմամեկուսիչ սառնարաններ, լույս, ջրի հավաքում, սառույցի հալեցում, ջրի շրջանառություն և քառակի վերամշակում բնակիչների, ջերմոցային կուլտուրաների և վայրի բույսերի կարիքները հոգալու համար:
Ինչպես որ մեր մարմինն է սեռական օրգաններով ու հետանցքով ձերբազատվում ավելորդ նյութերից, այնպես էլ ջրի վերամշակման խելացի համակարգի շնորհիվ երկրանավը կեղտաջուրը վերամշակում է սեպտիկ բաքում՝ օգտագործելով բակտերիաների բնական անաէրոբիկ ֆերմենտացիայի գործընթացը: Կեղտից մաքրված ջուրն ի վերջո հանգրվանում է բակում՝ լինելով անկախ կենտրոնական ցանցից: Այդպիսով երկրանավն իրոք կենսակենտրոն է իր գործառույթներով և դիզայնով. այն ոչ միայն ապաստան է ապահովում մարդկանց, ընտանի կենդանիների և ջերմոցային բույսերի (այդ թվում՝ ծառերի), այլև վայրի բնության համար: Սա նշանակում է անտառների և վայրի բնության պահպանում ու բազմացում, և ոչ թե ոչնչացում, որը կարող է սպառնալ ծայրահեղ հետևանքներով ողջ մոլորակին:
Ինչպես որ մեր մարմինն է սեռական օրգաններով ու հետանցքով ձերբազատվում ավելորդ նյութերից, այնպես էլ ջրի վերամշակման խելացի համակարգի շնորհիվ երկրանավը կեղտաջուրը վերամշակում է սեպտիկ բաքում՝ օգտագործելով բակտերիաների բնական անաէրոբիկ ֆերմենտացիայի գործընթացը: Կեղտից մաքրված ջուրն ի վերջո հանգրվանում է բակում՝ լինելով անկախ կենտրոնական ցանցից: Այդպիսով երկրանավն իրոք կենսակենտրոն է իր գործառույթներով և դիզայնով. այն ոչ միայն ապաստան է ապահովում մարդկանց, ընտանի կենդանիների և ջերմոցային բույսերի (այդ թվում՝ ծառերի), այլև վայրի բնության համար: Սա նշանակում է անտառների և վայրի բնության պահպանում ու բազմացում, և ոչ թե ոչնչացում, որը կարող է սպառնալ ծայրահեղ հետևանքներով ողջ մոլորակին:
Երկրանավը նպաստում է քաղաքակրթական այլ մոդելի կերտմանը, որը հենվում է win-win (հաղթող) մտածողության վրա և չի սպառնում վայրի բնությանն ու մոլորակին: Այս մոդելը թույլ է տալիս աղքատության մտածողությունից տեղափոխվել առատության մտածողություն և մոլորակին թույլ տալ զարգանալ՝ դառնալով կյանքի արարմանը նպաստող ու սատարող, և ոչ թե դրան սպառնացող գործոն:
Ինչպես բակտերիաներն են ժամանակին սիմբիոտիկ համագործակցությամբ ստեղծել թթվածին ու բջիջներ այս մոլորակի վրա, այնպես էլ գուցե մարդը ստեղծի ապրող նոր օրգանիզմներ՝ ի դեմս երկրանավերի, որոնք ինքնակառավարվող են և ինքնաբավ, կախված արևի լույսից և ջրի բնական պաշարից, ինչպես բույսերը... ... ...